Ընդհանուր դրույթներ և պայմաններ

«ՍՔԱՅԼԱԲՍ» ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Սույն հրապարակային օֆերտայի միջոցով «Սքայլաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն, հիմք ընդունելով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագիրը, հանդես գալով որպես «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի գործակալ, ներկայացնում է «Սքայլաբս» էկոհամակարգի օպերատորի և «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ին պատկանող կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրի էական պայմանները։

2. Ակցեպտավորելով (հաստատելով) սույն հրապարակային օֆերտան՝ «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ին պատկանող կրիպտոարժույթի առուվաճառք կատարելու ցանկություն հայտնած ֆիզիկական անձը հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել է «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրի ստորև ներկայացվող պայմաններին, «Սքայլաբս» էկոհամակարգի օպերատորի ծառայություններից օգտվելու կանոններին ու սակագներին և ողջ ծավալով ու անվերապահորեն ընդունում է դրանք:

3. Կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր կնքելիս և այդ պայմանագրի շրջանակում «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի անունից հանդես է գալիս «Սքայլաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ որպես «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի գործակալ։

4. «ՍքայԼաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն՝ որպես «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի գործակալ, «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի անունից ֆիզիկական անձանց հետ կնքում է կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր՝ միաժամանակ մատուցելով վաճառված կրիպտոարժույթը ֆիզիկական անձանց մատակարարելու ծառայություն կամ գնված կրիպտոարժույթը «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ին մատակարարելու ծառայություն։

5. «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի անունից կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրեր կնքելու, ինչպես նաև վաճառված կրիպտոարժույթը ֆիզիկական անձանց մատակարարելու և գնված կրիպտոարժույթը «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ին մատակարարելու ծառայությունները մատուցելու դիմաց «ՍքայԼաբս Թեքնոլոջի» ՍՊԸ-ն «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ից ստանում է վարձատրություն՝ համաձայն «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի հետ կնքված գործակալության պայմանագրով սահմանված սակագների։

6. «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ին պատկանող կրիպտոարժույթի առուվաճառք կատարելու ցանկություն հայտնած ֆիզիկական անձին «Սքայլաբս» էկոհամակարգում գրանցելու պահից սույն հրապարակային օֆերտան համարվում է ակցեպտավորված (հաստատված)։ Այդ պահից, մի կողմից, «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-ի և, մյուս կողմից, «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-իը պատկանող կրիպտոարժույթի առուվաճառք կատարելու ցանկություն հայտնած ֆիզիկական անձի միջև կնքվում է կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր՝ ստորև ներկայացվող պայմաններով։

«ՍՔԱՅԼԱԲՍ» ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՐԻՊՏՈԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԲԱԺԻՆ 1.
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

1.1. Պրինցիպալ՝ «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ։

1.2. Օպերատոր՝ «ՍքայԼաբս Թեքնոլոջի» ՍՊԸ։

1.3 «Սքայլաբս» էկոհամակարգ՝ սեփականության կամ վարձակալության իրավունքով Օպերատորին պատկանող սարքավորումների և ծրագրային ապահովումների ամբողջություն, որոնց միջոցով ստեղծված հարթակն օգտագործվում է Պրինցիպալի ու Հաճախորդի միջև կրիպտոարժույթի առուվաճառքն ապահովելու, համակարգի ներսում մի կրիպտոարժույթը մյուսով փոխանակելու և այլ կրիպտո-համակարգեր փոխանցումների իրականացման համար։

1.4. Հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որը, «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով կնքում է «SKYNET DEVELOPMENT GROUP» ՍՊԸ-իը պատկանող կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագիր՝ սույն պայմանագրի պայմանների համաձայն։

1.5. Գաղտնաբառ՝ Հաճախորդի կողմից ստեղծվող թվերի, տառերի և սիմվոլների համակցություն, որը «Սքայլաբս» էկոհամակարգի կողմից օգտագործվում է որպես Հաճախորդի նույնականացման միջոց՝ թույլ տալով Հաճախորդին մուտք գործել «Սքայլաբս» էկոհամակարգի հարթակ: Համակարգում գրանցվել և մուտք գործել հնարավոր է նաև Google-ի կամ Apple ID-ի միջոցով։

1.6. Ստանդարտ օգտատեր՝ Հաճախորդ, որը նույնականացված է էլեկտրոնային փոստի միջոցով:

1.7. Պրեմիում օգտատեր՝ հաճախորդ, ով համարվում է նույնականացված, եթե գոնե մեկ անգամ գործարք է կատարել «Սքայլաբս» վճարահաշվարկային տերմինալով և համակարգում անցել է KYC ստուգում ՝ ներկայացնելով ինքնանկար և անձը հաստատող փաստաթուղթ։

1.8. Բջջային հավելված՝ Android կամ iOS հենքի հիման վրա մշակված հավելված, որի միջոցով հնարավոր է կատարել Հաճախորդի նույնականացում, թույլ տալ Հաճախորդին օգտվել «Սքայլաբս» էկոհամակարգից, ինչպես նաև տեղեկատվություն փոխանակել Հաճախորդի և Օպերատորի միջև։

1.9. Պաշտոնական կայքէջ՝ «Սքայլաբս» էկոհամակարգի ինտերնետային կայքէջ՝ «skylabs.world», որի միջոցով, ի թիվս այլնի, հնարավոր է կատարել Հաճախորդի նույնականացում, թույլ տալ Հաճախորդին օգտվել «Սքայլաբս» էկոհամակարգից, ինչպես նաև տեղեկատվություն փոխանակել Հաճախորդի և Օպերատորի միջև։

ԲԱԺԻՆ 2.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Սույն պայմաններով կարող են կատարվել հետևյալ գործարքները.

2.1.1 Կրիպտոարժույթի վաճառք. օպերատորը պարտավորվում է «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով Պրինցիպալի անունից բանկերից ստացված գնով Հաճախորդին վաճառել Պրինցիպալին պատկանող կրիպտոարժույթը՝ այն տրամադրելով Հաճախորդին.

2.1.2. Կրիպտոարժույթի գնում (ձեռքբերում). օպերատորը պարտավորվում է «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով Պրինցիպալի անունից բանկերից ստացված գնով Հաճախորդից գնել (ձեռք բերել) կրիպտոարժույթ՝ այն տրամադրելով Պրինցիպալին։

2.2. Օպերատորը Հաճախորդների հետ կրիպտոարժույթի առուվաճառքի պայմանագրեր կնքելիս և այդ պայմանագրերի շրջանակում գործում է Պրինցիպալի անունից։

ԲԱԺԻՆ 3.
ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՀԱՇՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.1. Օպերատորի կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում` Հաճախորդը կարող է ունենալ միայն մեկ գործող գրանցում Համակարգում: Եթե Օպերատորը պարզում է, որ միևնույն անձի համար Համակարգում բացվել են մեկից ավելի հաշիվներ, ապա Օպերատորը կարող է դադարեցնել համապատասխան պայմանագրերից որևէ մեկը կամ բոլորը:

3.2. Պրեմիում օգտատիրոջ նույնականացումը կատարվում է հետևյալ կերպ.

3.2.1. Բջջային հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո, ինչպես նաև պաշտոնական կայք մուտք գործելիս Հաճախորդը ինքնաշխատ կերպով ստանում է առցանց նույնականացվելու հրահանգը:

3.2.2. Հաճախորդի նույնականացումը հաջողությամբ անցնելու համար անձը պարտավոր է կատարել ինքնալուսանկար՝ ձեռքում պահած իր անձը հաստատող փաստաթուղթը՝ այնպես, որ ինքնալուսանկարում պարզորոշ երևա անձի դեմքը և անձը հաստատող փաստաթղթում առկա բոլոր տվյալները՝ ապահովելով լուսանկարում առկա պատկերների հստակությունը և տեքստի ընթեռնելի լինելը։

3.2.3. Այնուհետև անձը պարտավոր է անձնագրի լուսանկարը և 3.2.2 կետում նշված ինքնանկարը ուղարկել օպերատորի կողմից նշված պաշտոնական էլ. հասցեին։ Ընդ որում, անձնագրի պարագայում անհրաժեշտ է լուսանկարել անձնագրի լուսանկարով էջը, իսկ նույնականացման քարտի դեպքում՝ դրա երկու կողմերը:

3.2.4. Սույն պայմանագրի 3.2.2 կետում նշված ինքնալուսանկարը համեմատվում է սույն պայմանագրի 3.2.3 կետում նշված լուսանկարների հետ։

3.2.5. Սույն պայմանագրի 3.2.4 կետում նշված՝ համեմատվող լուսանկարներում նույն անձի պատկերված լինելու դեպքում Հաճախորդը կարող է համարվել նույնականացված՝ որպես Պրեմիում օգտատեր:

3.3. Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի հասցե կամ բջջային հեռախոսահամար կարող է օգտագործվել միայն մեկ անձնական հաշվի նույնականացման համար:

ԲԱԺԻՆ 4.
«ՍՔԱՅԼԱԲՍ» ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4․1․Հաճախորդի հետ կանխիկ դրամով առուվաճառքի, ինչպես նաև փոխանակման և փոխանցման գործառնությունները իրականացնում է SkyWallet հավելվածի, SkyLabs տերմինալների միջոցով, գրասենյակում և այլ ձևերով:

4․2․ «ՍքայԼաբս» համակարգից որևէ այլ կրիպտո-համակարգի փոխանցում իրականացնելու համար Հաճախորդից կարող է պահանջվել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, և այն չներկայացվելու դեպքում գործառնության կատարումը կարող է մերժվել:

4․3․ Տերմինալի միջոցով կանխիկ դրամով գործառնությունները կարող են իրականացնել և’ Ստանդարտ, և’ Պրեմիում օգտատիրոջ կարգավիճակ ունեցող օգտատերեր։

4․4․ Ե’վ ստանդարտ, և’ Պրեմիում օգտատիրոջ կողմից կատարվող գործարքի արժեքը չի կարող գերազանցել վաճառքի միանվագ գործարքի համար 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, գնման միանվագ գործարքի համար 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, 24 ժամվա ընթացքում ՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ։

4․5․ Հաճախորդը տերմինալի միջոցով գործառնություն կատարելու համար տերմինալում գեներացվող QR կոդը սքանավորում է Բջջային հավելվածի միջոցով։ Համապատասխան գործառնությունը հաջողությամբ կատարելուց հետո Օգտատերը ստանում է տերմինալի միջոցով գործառնության իրականացումը հավաստող անդորրագիր։

4.6. Եթե տերմինալի միջոցով կատարվող գործառնությունը չի հաջողվում, ապա Հաճախորդը ստանում է տերմինալի միջոցով գործառնության կատարումը չեղարկվելու վերաբերյալ հաղորդագրություն, որտեղ նշվում են գործառնության կատարումը չհաջողվելու պատճառները։

4.7. Գործառնությունը կատարվում է միայն այն դեպքում, եթե Անձնական հաշվի մնացորդը բավարար է Հաճախորդի կարգադրությունն ամբողջ ծավալով կատարելու համար: Այլապես նման գործառնությունների կատարումը մերժվում է: Գործառնությունների կատարումը կարող է մերժվել Օպերատորի կողմից նաև այն դեպքերում, եթե

4.7.1. դրանց կատարման արդյունքում կարող է խախտվել օրենսդրությունը կամ Օպերատորի կողմից սահմանված պահանջները (այդ թվում` խախտվել Օպերատորի կամ երրորդ անձի իրավունքները կամ օրինական շահերը),

4.7.2. դրանց կատարումը հնարավոր չէ Օպերատորից անկախ պատճառով,

4.7.3. օրենսդրությամբ կամ սույն պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

4.8. Տերմինալով կատարված բոլոր գործառնություններն արտացոլվում են Անձնական հաշվի «Պատմություն» բաժնում:

4․9․ Օպերատորի սխալի պատճառով Հաճախորդին գումար տրամադրվելու (այդ թվում` ավել գումարներ հաշվեգրվելու) դեպքում Օպերատորը Հաճախորդին ներկայացնում է տարբերությունը վերադարձնելու պահանջ, և Հաճախորդը պարտավոր է Օպերատորի պահանջը ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել համապատասխան գումարը:

4․10․ Օպերատորի սխալի պատճառով Հաճախորդին պակաս գումար տրամադրվելու դեպքում Հաճախորդը Օպերատորին ներկայացնում է տարբերությունը վերադարձնելու պահանջ, և Օպերատորը պարտավոր է Հաճախորդի պահանջը ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում վերադարձնել համապատասխան գումարը:

4.11. Հաճախորդի կողմից սխալմամբ մուտքագրված գումարները վերադարձման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքի, եթե գործառնության կատարումը չի հաջողվել։

4.12. «Սքայլաբս» էկոհամակարգով Հաճախորդը կարող է կատարել նաև տարբեր կրիպտոարժույթների փոխարկում մեկը մյուսի միջև՝ փոխարկման պահին Օպերատորի կողմից սահմանված փոխարժեքով։ Ընդ որում, «Սքայլաբս» էկոհամակարգով կրիպտոարժույթների փոխարկման գործարքի հաստատումը տեղի է ունենում Օպերատորի հայեցողությամբ։ Կրիպտոարժույթների փոխարկումը կարող է չեղարկվել Օպերատորի կողմից, եթե Օպերատորը գտնում է, որ Հաճախորդը դրսևորում է անբարեխիղճ վարքագիծ։

ԲԱԺԻՆ 5.
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Հաճախորդն իրավունք ունի`

5.1.1. օգտվել «Սքայլաբս» էկոհամակարգից՝ սույն պայմանագրի պայմաններին համապատասխան,

5.1.2. ստանալ տեղեկատվություն առաջարկվող կրիպտոարժույթի, դրանց առուվաճառքի գների և այլ պայմանների մասին,

5.1.3. ստանալ տեղեկատվություն իր կողմից կատարված բոլոր գործառնությունների վերաբերյալ։

5.2. Հաճախորդը պարտավոր է`

5.2.1. Օպերատորին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և վավեր փաստաթղթեր, ինչպես նաև անհապաղ տեղեկացնել Օպերատորին այդ տեղեկատվության փոփոխման դեպքում,

5.2.2. «Սքայլաբս» էկոհամակարգից օգտվել անձամբ և բացառապես օրինական նպատակների համար: Հաճախորդը պատասխանատվություն է կրում երրորդ անձանց իր Բջջային հավելվածի տվյալների տրամադրման և, հետևաբար, երրորդ անձանց կողմից իր Բջջային հավելվածի օգտագործմամբ կատարված գործարքների համար:

5.2.3. ապահովել Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանների գաղտնիությունը և պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից,

5.2.4. ձեռնպահ մնալ Օպերատորի պաշտոնական կայքը կամ Բջջային հավելվածի կառավարման համար օգտագործվող այլ միջոցները սույն պայմանագրով չնախատեսված որևէ եղանակով օգտագործելուց,

5.2.5. պարբերաբար ստուգել Անձնական հաշվում զետեղված՝ իրեն վերաբերվող տեղեկատվությունը,

5.2.6. անմիջապես հայտնել Օպերատորին հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների և արտասովոր հանգամանքների մասին և, մասնավորապես, Բջջային հավելվածի որևէ ծանուցման կամ կարգադրության սխալ լինելու կամ արտացոլված չլինելու դեպքում,

5.2.7. Անձնական հաշվի կառավարման համար օգտագործվող բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի փոփոխման, կորստի կամ այլ կերպով Հաճախորդի տիրապետումից դուրս գալու դեպքում` անհապաղ տեղեկացնել Օպերատորին,

5.2.8. իր նույնականացման համար հիմք ծառայած անձը հաստատող փաստաթղթի փոփոխության դեպքում անհապաղ տեղեկացնել այդ մասին Օպերատորին՝ տրամադրելով անձը հաստատող փոփոխված փաստաթղթի կրկնօրինակը: Սույն կետով սահմանված պարտավորությունը պատշաճ կարգով չկատարելուց բխող բոլոր ռիսկերը կրում է Հաճախորդը:

5.3. Օպերատորն իրավունք ունի՝

5.3.1. մերժել որևէ գործարք և կասեցնել բոլոր գործարքները կամ դրանց որևէ մասը` սխալ, խախտում կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օպերատորի մոտ կասկած է հարուցում գործարքի օրինականությունը կամ Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից,

5.3.2. արգելափակել Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանները կամ պահանջել Հաճախորդից փոփոխել դրանք, եթե Հաշվի կառավարման վավերապայմանների պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից Օպերատորի մոտ կասկած է հարուցում կամ առկա է հավաստի փաստաթուղթ, որ դրանք պատկանում են այլ անձի,

5.3.3. Հաճախորդի կողմից այնպիսի գործողություններ թույլ տրվելու դեպքում, որոնց արդյունքում կարող է վնաս պատճառվել Օպերատորին կամ երրորդ անձանց, մերժել Հաճախորդի կողմից հայցվող գործառնությունների կատարումը,

5.3.4. միակողմանի դադարեցնել իր ծառայությունների մատուցումը,

5.3.5. ձեռք բերել, մշակել և պահպանել տեղեկատվություն Բջջային հավելվածի կառավարման համար օգտագործվող տեխնիկական միջոցների մասին,

5.3.6. ելնելով օրենսդրության փոփոխությունից կամ տեխնիկական անհրաժեշտությունից՝ փոփոխել Բջջային հավելվածի նույնացուցիչներին ներկայացվող պահանջները կամ այլ պայմանները` նախօրոք այդ մասին ծանուցելով Հաճախորդին:

5.3.7. Հաճախորդների և նրանց նույնականացնող փաստաթղթերի տվյալների պարբերական մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերով Պրեմիում օգտատիրոջ կարգավիճակի Հաճախորդներին տեղեկացնել փոփոխված փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Օպերատորի բանավոր կամ գրավոր ծանուցումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կետով սահմանված պահանջը չկատարելու կամ պատշաճ կարգով չկատարելու դեպքում Օպերատորն իրավասու է միակողմանիորեն փոփոխել Օգտատիրոջ կարգավիճակը՝ ըստ վերջինիս կողմից բավարարող պայմանների:

5.3.8. գործարքների կատարման համար ներդնել լրացուցիչ պաշտպանական գործիքներ:

5.4. Օպերատորը պարտավոր է՝

5.4.1. գործադրել անհրաժեշտ միջոցներ առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում «Սքայլաբս» էկոհամակարգից օգտվելու հնարավորությունը և իր ծառայությունների պատշաճ որակն ապահովելու համար,

5.4.2. Հաճախորդին տրամադրել տեղեկատվություն Բջջային հավելվածով կամ Պաշտոնական կայքէջով կատարված գործառնությունների վերաբերյալ,

5.4.3. Միջոցներ ձեռնարկել «Սքայլաբս» էկոհամակարգի միջոցով փոխանակվող տեղեկատվության գաղտնիության ապահովման ուղղությամբ,

5.4.4. Հաճախորդին տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն սույն պայմանագրի կատարման համար,

5.4.5. կատարել օրենքով կամ սույն պայմանագրով սահմանված այլ պարտավորությունները:

ԲԱԺԻՆ 6.
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Բջջային հավելվածի կառավարման վավերապայմանների կորստի դեպքում, ինչպես նաև դրանց երրորդ անձանց հայտնի դառնալու կասկածի դեպքում, Հաճախորդը պարտավոր է Օպերատորի կողմից սահմանված կարգով անհապաղ տեղեկացնել Օպերատորին: Մինչև վավերապայմանների արգելափակումը կամ փոփոխումը Հաճախորդը կրում է դրանց չարտոնված օգտագործման անբարենպաստ հետևանքների ռիսկերը, այդ թվում` կրում է պատասխանատվություն Օպերատորին պատճառված վնասների համար

6.2. Յուրաքանչյուր կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս կողմին պատճառված իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից: Օպերատորը պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով առաջացած խափանումների, սխալների և իրավախախտ գործողությունների համար, ինչպես նաև սույն պայմանագրով նախատեսված հիմքերով (այդ թվում՝ Համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ժամանակ) գործարքները կասեցնելու կամ դադարեցնելու ցանկացած հետևանքների համար:

6.3. Հաճախորդը կրում է բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Օպերատորի կողմից սահմանված պայմանները խախտելու, ինչպես նաև վերջինիս խորհուրդներին և ցուցումներին չհետևելու արդյունքում:

ԲԱԺԻՆ 7.
ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

7.1. Կողմերն ապահովում են սույն պայմանագրի շրջանակներում միմյանց միջև փոխանակվող տեղեկատվության պաշտպանվածությունը:

7.2. Օպերատորն ապահովում է Հաճախորդի անձնական տվյալների, կատարված գործարքների և այլ տեղեկատվության գաղտնիությունը: Տեղեկատվությունը կարող է բացահայտվել Օպերատորի կողմից բացառապես այն դեպքերում և այն ծավալով, որը պահանջվում է օրենքով, անհրաժեշտ է գործարքների կնքման համար, կամ անհրաժեշտ է Օպերատորի կամ Պրինցիպալի խախտված իրավունքի օրինական (այդ թվում՝ դատական) պաշտպանության համար: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Հաճախորդի համաձայնությամբ կամ կարգադրությամբ:

7.3. Պայմանագրի նպատակների համար գաղտնի չի համարվում այն տեղեկատվությունը, որը կարող էր ստացվել այլ եղանակով՝ առանց գաղտնիության պահանջների խախտման:

7.4. Բջջային հավելվածով կատարված գործառնություններին վերաբերող տեղեկատվությունը և փաստաթղթերը Օպերատորը պահպանում է համապատասխան գործառնության կատարման ամսաթվից հաշված առնվազն 1 տարի ժամկետով:

7.5. Հաճախորդը կրում է իր կողմից Օպերատորին տրամադրված տեղեկատվության ոչ ճշգրիտ լինելու բացասական հետևանքների ռիսկերը:

ԲԱԺԻՆ 8
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

8.1. Սույն պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում սույն պայմանագրի շրջանակում բոլոր ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ Բջջային հավելվածի կամ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:

8.2. Հաճախորդը համարվում է պատշաճ ծանուցված սույն պայմանագրի շրջանակում էլեկտրոնային եղանակով՝ Բջջային հավելվածի կամ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով ուղարկված բոլոր հաղորդագրությունների, տվյալների, տեղեկությունների և այլ նյութերի մասին՝ անկախ դրանք Հաճախորդին փաստացի հասանելի դառնալու կամ չդառնալու, փաստացի չդիտելու կամ չընթերցելու հանգամանքից։

ԲԱԺԻՆ 9.
ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

9.1 Սույն պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության իրավունքով:

ԲԱԺԻՆ 10.
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

10.1. Հաճախորդը պարտավոր է ստուգել յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում Բջջային հավելվածով կատարված գործառնությունները և որևէ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Օպերատորին ծանուցել դրանց մասին` համապատասխան օրացուցային ամսվա ընթացքում:

10.2. Եթե սահմանված ժամկետում Հաճախորդը չի հայտնել Օպերատորին որևէ անհամապատասխանության մասին, ապա համապատասխան օրացուցային ամսվա ընթացքում Բջջային հավելվածով կատարված գործառնությունները համարվում են Հաճախորդի կողմից անվերապահորեն հաստատված և ընդունված, և Օպերատորը չի ընդունի այդ օրացուցային ամսվան վերաբերող որևէ հետագա պահանջներ և առարկություններ:

10.3. Դժգոհություններ կամ առաջարկություններ ունենալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Օպերատորին:

10.4. Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկություններին` ողջամիտ ժամկետներում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված պահանջները:

10.5. Հաճախորդի գրավոր բողոքներին պետք է տրվի գրավոր պատասխան:

10.6. Կողմերը պետք է ձգտեն լուծել ծագած վեճերը բարյացակամորեն` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

10.7. Վեճը լուծելու մասին փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում այն լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ 11.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ

11.1. Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ միակողմանի կարգով փոփոխել սույն պայմանագրի պայմանները` այդ մասին առնվազն 3 (երեք) օր առաջ ծանուցելով Հաճախորդին:

11.2. Փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում` Հաճախորդը լուծում է պայմանագիրը` այդ մասին անմիջապես ծանուցելով Օպերատորին:

11.3. Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո որևէ գործառնություն կատարելու դեպքում փոփոխությունները համարվում են Հաճախորդի կողմից անվերապահորեն ընդունված:

11.4. Յուրաքանչյուր Կողմ կարող է միակողմանի կարգով լուծել սույն պայմանագիրը՝ առնվազն 10 օր առաջ ծանուցելով մյուս Կողմին։ Եթե պայմանագրի լուծումը պայմանավորված է դրա պայմանների խախտմամբ, ապա Կողմը կարող է միակողմանի կարգով լուծել սույն պայմանագիրը՝ խախտում թույլ տված Կողմին ծանուցելուց անմիջապես հետո։

11.5. Սույն պայմանագիրը կարող է լուծվել դրանով նախատեսված այլ դեպքերում:

bot image
Ունե՞ս հարցեր
Միացիր մեր Բոտին ավելի որակյալ, հեշտ և արագ սպասարկման համար
Սկսել